Գլուխ 3
Հունամակեդոնական բանակի թվաքանակը
Պատմական որևէ բանակի թվաքանակը, որը ներկայումս ունի բացառապես միայն տեսա-պատմական իմաստ, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում, սակայն, ունեցել է խիստ կարևոր և կենսական նշանակություն, ընդ որում այն, հասկանալի պատճառներով, պահվել է խիստ գաղտնի: Այսպես, եթե սեփական բանակի թվաքանակը եղածից քիչ ցույց տալը, երբեմն, նպատակ էր հետապնդում բթացնել հակառակորդի զգոնությունը և անակնկալ կերպով մահացու հարված հասցնել վերջինիս, ապա երբեմն էլ, ընդհակառակը, բանակի նույն այդ թվաքանակը եղածից շատ ցույց տալով, զորավարները ձգտում էին կանխել հակառակորդի հարձակումը: Կոնկրետ Ալեքսանդր III Մեծի բանակի պարագայում այս ամենին գումարվեց նաև վերևում արդեն իսկ մանրամասն կերպով քննարկված տեղեկատվական գործոնը, երբ Ալեքսանդր III Մեծն իր գործակալների առջև խնդիր դրեց, լրջորեն աղավաղելով իրականությունը, սեփական բանակը հնարավորինս փոքրաքանակ ցույց տալ, որպեսզի մի կողմից հակառակորդին անակնկալ ուժի հարված հասցվի, իսկ մյուս կողմից էլ ընդգծվի իր և հունամակեդոնական ռազմական մեքենայի անառարկելի առավելությունը նույնիսկ քանակապես գերակշռող արևելյան «բարբարոսների» հետ ընդհարման պարագայում: Այս առումով հարկ է նշել, որ երևույթի նմանատիպ արտացոլումը առկա է նաև այժմ և հենց այն է գերիշխում ներկայումս: Բարեբախտաբար, սակայն, մեզ հասել են որոշ տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել Աքեմենյանների տերության դեմ պատերազմ սկսած հունամակեդոնական բանակի իրական թվաքանակը:
Խնդիրը կայանում է նրանում, որ ժամանակակից ռազմապատմական գրականության մեջ ավանդականորեն ընդունված է Աքեմենյանների տերության դեմ պատերազմական գործողություններ սկսած հունամակեդոնական բանակի թվաքանակը գնահատել առավելագույնը 50.000 ռազմիկի սահմաններում: Իրականում, սակայն, կոնկրետ դեպքում մենք, ըստ էության, գործ ունենք ընդամենը մի շփոթության հետ, որն իր հիմքում ունի Ալեքսանդր III Մեծի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվական հստակ ուղերձը, ինչն էլ իր կոնկրետ արտացոլումն էլ գտել է մեզ հասած պատմական երեք սկզբնաղբյուրներում: Այս առումով մինչև առաջ անցնելը կարծում եմ, որ անհրաժեշտ է հատուկ քննարկել նույն այն երեք սկզբնաղբյուրները, որոնք Աքեմենյանների տերության դեմ պատերազմի հենց նախօրեին խոսում են Ալեքսանդր III Մեծի բանակի թվաքանակի մասին:
Այսպես, համաձայն Ալեքսանդր III Մեծ պաշտոնական պատմագիր Կալիսթենեսի, իսկ ըստ մեկ այլ տեսակետի էլ որպես Կալիսթենես ներկայացած մեկ այլ անձնավորության, ի դեմս Կեղծ-Կալիսթենեսի, որի տվյալները Ալեքսանդր III Մեծի բանակի մասին մեզ է հասել մ.թ.ա. II դարի հռոմեացի պատմիչ Պոլիբիոսի միջոցով. «Այսպիսին են Կալիսթենեսի տեղեկությունները Ալեքսանդրի մասին: Այսպես, ըստ նրա խոսքերի ստացվում է, որ Ալեքսանդրը դեպի Ասիա արշավանքը սկսել է 40.000 հետևակով և 4.500 հեծյալներով, իսկ այն ժամանակ, երբ պատրաստվելիս է եղել մտնել Կիլիկիա, Մակեդոնիայից նրան որպես համալրում ժամանել է 5.000 հետևակային և 800 հեծյալ: Եթե այս թվից հանեք 3.000 հետևակայիններին ու 300 հեծյալներին, թեև սա չափից դուրս մեծ թիվ է տարբեր պատճառներով բացակայող ռազմիկների պարագայում, ապա նույնիսկ այդ դեպքում էլ դեռ կմնան 42.000 հետևակայիններ և 5.000 հեծյալներ»[1]: Ուսումնասիրվող հարցի վերաբերյալ մեկ այլ տեղեկություն հայտնում է մ.թ.ա. I դարի հռոմեացի պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին, ըստ որի. «Զոհաբերություններով և այլ կերպ, ինչպես որ կարգն է, հարգանք մատուցելով հերոսների գերեզմաններին` Աքիլլեսի, Այաքսի և այլոց, Ալեքսանդրը իր զորքի մանրազնին զորատես իրականացրեց։ Արդյունքում՝ պարզվեց, որ մակեդոնական հետևազորը կազմում է 12.000 հոգի, 7.000 հոգի դաշնակիցներն են, իսկ վարձկանները կազմում են 5.000 հոգի: Սրանք բոլորը գործում էին Պարմենիոնի հրամանատարության տակ: Բացի դրանից նրան 5.000 հոգու կազմով հետևում էին օդրիսցիներ, տրիբալներ և իլիրիացիներ, ինչպես նաև այսպես կոչված ագրիանցիների 1.000 հոգին, այնպես որ նրա հետևազորը կազմում էր 30.000 հոգի: Հեծյալներից մակեդոնացիները 1.500 հոգի էին և նրանց ղեկավարում էր Պարմենիոնի որդի Փիլոտան, թեսալացիները 1.500 հոգի էին և գործում էին Հարպալոսի որդի Կալլաթոսի հրամանատարության տակ, իսկ մնացած հելլենները, որոնք կազմում էին 600 հոգի, ենթարկվում էին Էրիգիոսին: Հետախույզները, թրակիացիները և պեոնացիները կազմում էին 900 հոգի ու գործում էին Կասանդրոսի հրամանատարության տակ։ Արդյունքում՝ հեծյալները կազմում էին 4.500 հոգի: Ահա այս ուժերով Ալեքսանդրը անցավ Ասիա, իսկ Եվրոպայում Անտիպատրոսի հրամանատարության տակ մնացին 12.000 հետևակային և 1.500 հեծյալ»[2]: Եվ վերջապես խնդրահարույց հարցի վերաբերյալ տեղեկություններ է տալիս նաև II դարի հունահռոմեական բարոյագետ-պատմիչ Պլուտարքոսը, ըստ որի. «Ալեքսանդրի զորքը, ըստ նրանց հաղորդումների, ովքեր մատնանշում էին նվազագույն թիվ, բաղկացած էր 30.000 հետևակից և 4.000 հեծյալից, իսկ ըստ նրանց տեղեկությունների էլ, ովքեր առավելագույնն են հաշվում` 40.000 հետևակից ու 5.000 հեծյալից»[3]: Այսպիսով՝ առկա են միանգամից երեք սկզբնաղբյուրներ, որոնց տվյալներն էլ հենց հիմք են ընդունվել և որոնք Աքեմենյանների տերության դեմ հարձակման նախօրեին Ալեքսանդր III Մեծի բանակի թվաքանակը գնահատում են առավելագույնը 50.000 ռազմիկի սահմաններում, ընդ որում, դատելով Դիոդորոս Սիկիլիացու տվյալներից, բուն մարտական գործողություններին, համենայն դեպս գոնե սկզբում, մասնակցել են հազիվ առավելագույնը 40.000 ռազմիկներ:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, սակայն, որ հիշատակված թվաքանակը իրատեսական չի կարող համարվել ամենից առաջ հենց ռազմապատմական մոդելավորման տեսանկյունից, քանզի Աքեմենյանների տերությունը նույն այս ժամանակ, ընդհանուր առմամբ, ուներ մոտ 400.000 ռազմիկ, ընդ որում վերջին թիվը հաստատվում է բազում օրինակներով ինչպես, ի դեմս սկզբնաղբյուրների հաղորդումների, այնպես էլ ռազմապատմական մոդելավորման մեթոդների կիրառմամբ: Այսպիսով, եթե ընդունեք Ալեքսանդր III Մեծի բանակի առաջակվող թվաքանակը 40-50.000 ռազմիկի սահմաններում, ապա պետք է համաձայնենք նաև այն բանի հետ, որ, իր ժամանակի առաջնակարգ զորավարներ հանդիսացող Ալեքսանդր III Մեծը և նրա օգնականները նախատեսում էին ոչ միայն հարձակման անցնել սեփական բանակին տասն անգամ գերազանցող ուժերի դեմ, այլև՝ այդ գործում հաջողության հույս ունենալ: Այս հանգամանքն ինքնին արդեն իսկ կասկածներ է առաջացնում, սակայն երևույթին ոչ այնքան խորը ծանոթ մասնագետները այնուհանդերձ ընդունում են այս փաստը և, որպեսզի վերացնեն կասկածները, ընդամենը միայն սահմանափակվում են հունամակեդոնական բանակի որակական հատկանիշները գովերգելով, հակառակորդինը՝ փնովելով, իսկ Աքեմենյանների տերության բանակի թվաքանակն էլ՝ անհիմն կերպով քչացնելով: Հաշվարկն, ինչպես արդեն ասվեց, պարզ է, քանի որ նույնիսկ այս խմբին պատկանող մասնագետների համար պարզ է, որ Ալեքսանդր III Մեծն ինքն, ինչքան էլ լավ զորավար լիներ, նրա ռազմական մեքենան ինչքան էլ առաջնակարգ հատկանիշներ ունենար, իսկ Աքեմենյանների տերությունն ինչքան էլ գտնվեր քայքայված վիճակում, ուժերի առաջարկվող հարաբերակցության պայմաններում հարձակողական գործողությունների անցնելը առնվազն հավասարազոր էր ինքնասպանության: Հայտնի է, սակայն, որ պատերազմը ոչ միայն չավարտվեց Ալեքսանդր III Մեծի կամ նրա զորավարներից որևէ մեկի ինքնասպանությամբ, այլև գլխավոր երեք արյունահեղ ճակատամարտների և մի շարք ռազմարշավների, ինչպես նաև մի շարք ամրացված կետերի գրավման արդյունքում 4 տարում այն իր վերջ գտավ Աքեմենյանների տերության կործանմամբ: Ավելին, այս ամենից հետո քանակական աճ ապրած հունամակեդոնական 120.000 հոգանոց բանակը իր մեջ հանկարծ ուժ գտավ արշավանք իրականացնել նաև դեպի Հնդկաստան: Սթափ ուսումնասիրողի մոտ այս հանգամանքը ևս չի կարող չմեծացնել կասկածները, սակայն խնդիրը միայն սրանով չի սահմանափակվում:
Մ.թ.ա. 479 թվականի սեպտեմբերի 9-ի Պլատեայի ճ-մ-ում, երբ Աքեմենյանների տերության 350.000 հոգանոց բանակի դեմ իր ուժերն էր կենտրոնացրել ողջ Հարավային Հունաստանը, մարտադաշտ դուրս բերվեց 110.000 հոգանոց մի բանակ, ընդ որում կրկնենք, որ սա բացառապես միայն Հարավային Հունաստանի ռազմական հնարավորությունն էր: Իր հերթին, արդեն մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում, Հյուսիսային Հունաստանում գերիշխող Մակեդոնական թագավորության բանակն, ինչպես արդեն ասվեց, կազմում էր 50.000 ռազմիկ, իսկ, քանի որ մ.թ.ա. 479 թվականից մինչև մ.թ.ա. 333 թվականը ընկած ժամանակահատվածում Հունաստանը ժողովրդագրական բացասական կորուստ առնվազն չէր կրել, արդեն այս պահին իսկ կարող ենք պնդել հունամակեդոնական 160.000 հոգանոց բանակի տեսական առկայության հնարավորության մասին: Ալեքսանդր III Մեծի ռազմական հնարավորությունները, սակայն, սրանով ևս չէին սահմանափակվում, քանի որ դեռևս նրա հայրը նվաճել էր գործնականում ողջ Թրակիան և Իլիրիան, որտեղ հյուսիսից ճնշող գալլական առաջխաղացումից խուսափած մարդկային զանգվածի հաշվին բնակչության թվաքանակի զգալի աճ էր նկատվում: Իր հերթին, Ֆիլիպ II-ի ռազմաքաղաքական հաջողությունները անխուսափելի դրական ազդեցություն ունեցան նաև վերջինիս ռազմական մեքենայի վրա, որի կորիզը կազմող Մակեդոնական թագավորության 50.000 հոգանոց բանակին միացան ոչ միայն հունական դաշնակից բանակները, այլև զգալի քանակի իլիրիացիներ և թրակիացիներ: Արդյունքում, ինչպես հայտնում է III դարի հռոմեացի պատմիչ Հուստինոսը, որը, ըստ էության, կրկնում է մ.թ.ա. I դարի հռոմեացի մեկ այլ պատմիչ, Ֆիլիպ II-ի գահակալման պատմությունը գրած, սակայն, ցավոք, մեզ չհասած Պոմպեոս Տրոգոսի աշխատանքը, մ.թ.ա. 330-ական թվականների սկզբին Ֆիլիպ II-ի բանակի օժանդակ, ոչ մակեդոնական մասը կազմված էր 215.000 ռազմիկից, որից 15.000 հեծյալ[4], ընդ որում սրան գումարվում էին նաև բուն մակեդոնական ուժերը նույն 50.000 հոգու կազմով: Այս տվյալները կրկնում է նաև Օրոսիոսը[5]: Արդյունքում, ըստ երկու այս հեղինակների, դեռևս Ֆիլիպ II-ի ռազմական մեքենան կազմում էր 265.000 ռազմիկ, սակայն Ալեքսանդր III Մեծի ազդեցությունը Մակեդոնական թագավորությունում, ողջ Հունաստանում և հարակից երկրամասերում, անկասկած, ավելին էր, քան հորինը: Եվ վերջապես պետք չէ մոռանալ նաև հոնիացիների մասին, որոնք, վերջին տարիներին Փոքր Ասիայում առաջացած անիշխանության և այստեղ առանց այդ էլ առկա հակապարսկական ավանդական տրամադրությունների աճի պայմաններում, ակնհայտորեն ևս ի վիճակի էին համահունական բանակ լուրջ ուժեր ներկայացնել: Սա ևս, սակայն, փաստարկների ամբողջությունը չէ:
Խնդիրը վերջնականապես պարզաբանելու համար հարկ է առանձին քննարկման առարկա դարձնել նաև Կալիսթենեսի կամ Կեղծ Կալիսթենեսի, ինչպես նաև Դիոդորս Սիկիլիացու և Պլուտարքոսի հաղորդումները։ Իրոք, երեք այս հեղինակներից առաջինը խոսում է հենց բացառապես միայն «մակեդոնական բանակի» մասին, Պլուտարքոսը հիշատակում է «Ալեքսանդրի բանակը»[6], իսկ Դիոդորս Սիկիլիացու հաղորդումն էլ ևս իր հիմնական մասով կրկին վերաբերում է նույն Մակեդոնական թագավորության բանակին, ինչպես նաև նրա սկզբնական վիճակով իր կազմում ընդգրկված դաշնակից ուժերին, որոնք հետագայում լրջորեն համալրվել են:
Այսպիսով, ընդհանրացնելով ողջ վերոշարադրյալը, թերևս, կարող ենք փաստել, որ Ալեքսանդր III Մեծի բանակը Աքեմենյանների տերությանը հասցված հարվածի նախօրեին կազմել է մոտ 265.000 ռազմիկ, առաջարկված 40-50.000 թիվը կամ կեղծիքի արդյունք է, կամ վերաբերում է բացառապես միայն Մակեդոնական թագավորության բանակին, իսկ այդ պարագայում էլ, եթե ընդունենք, որ Աքեմենյանների տերության բանակը կազմված էր մոտ 400.000 ռազմիկից, սակայն առկա էին ներքին լուրջ խնդիրներ, որոնք Դարեհ III-ի ռազմավարչական համակարգին խանգարում էին արդյունավետ գործել, ուժերի արդեն առկա այս հարաբերակցության պայմաններում հունամակեդոնական նվաճողները կարող էին լիակատար հույսեր ունենալ հաջողության հասնել:
________________________
[1] Պոլիբիոս «Համընդհանուր պատմություն», գիրք 12, գլուխ 19:
[2] Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 17, գլուխ 17:
[3] Պլուտարքոս «Համեմատական կենսագրություններ», «Ալեքսանդր», գլուխ 15:
[4] «Դրանից հետո որոշվեց օժանդակ ջոկատների թիվը, որոնք արքայի վրա հարձակման կամ նրա հրամանի տակ գործելու անհրաժեշտության պարագայում, եթե նա ինքը որոշել որևէ մեկին պատերազմ հայտարարել, պետք է ներկայացնեին առանձին պետությունները: Եվ կասկած չկար, որ բոլոր այդ նախապատրաստություններն ուղղված էին Պարսից տերության դեմ: Օժանդակ ջոկատներում առկա մարդկանց թվաքանակը կազմեց 200.000 հետևակային և 15.000 հեծյալ: Սրանից զատ, սակայն, առկա էին նաև մակեդոնական զորքը, ինչպես նաև բարբարոսների ջոկատներ Մակեդոնիայի կողմից նվաճված հարևան ցեղերից» (Հուստինոս «Ֆիլիպիկա», գիրք 9, գլուխ 5):
[5] «Դրանից հետո, երբ ողջ Հունաստանով մեկ ռազմիկների մեծ հավաք իրականացվեց, որպեսզի համալրեն արքայական բանակը, Ֆիլիպը պարսկական արշավանքի համար ոտքի հանեց 200.000 հետևակայինների և 15.000 հեծյալների՝ չհաշված մակեդոնացիների, ինչպես նաև բարբարոսական ժողովուրդների անթիվ ռազմիկների զորքը: Նա մտադիր էր ողջ այդ բանակը Ասիա տեղափոխել (Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների», գիրք 3, գլուխ 14):
[6] Այս առումով հատկանշական է, որ ոլորտի դասական համարվող Ի. Դրոյզենը, քննարկելով սույն խնդիրը, ինքը ևս մակեդոնական բանակի թիվը գնահատում է 34.000 ռազմիկի սահմաններում, որից 4.000 հոգին՝ հեծյալ (տես՝ Дройзен И. “История эллинизма”, том 1, Москва 2011, стр. 114, 115): Ուշագրավ է նաև, որ այս հեղինակը հետագայում ևս, խոսելով Ալեքսանդր III Մեծի ռազմական մեքենայի մասին, հիմնականում հիշատակում է միայն բուն մակեդոնական բանակը (տես օրինակ՝ նույն աշխատության 459 էջի 22-րդ ծանոթագրությունը, որտեղ նշված է. «...выступивших теперь в поход из Македонии воинов»), սակայն ավելի ուշ խոսում է Ալեքսանդր III Մեծի ռազմական մեքենայի կազմում այնուհանդերձ առկա ոչ մակեդոնական և նույնիսկ ոչ հունական տարրի մասին (տես օրինակ՝ նույն աշխատության 463-464 էջերի 48-րդ ծանոթագրությունը և նրանում բերված աղյուսակը)։ Ընդհանրապես ասած այլ հեղինակներ ևս, հետևելով ոլորտի դասական համարվող Ի. Դրոյզենին, ոչ միայն չեն քննարկել Ալեքսանդր III Մեծի ռազմական մեքենայի թվաքանակը կամ նրա էթնիկ բաղադրատարրերը, այլև հստակ տարբերակում չեն դրել վերջինիս հունական, ոչ հունական և մակեդոնական տարրերի միջև։ Այս առումով թույլ տամ ինձ կարծել, որ վերևում բերված վերլուծությունը խնդիրը պարզաբանելու առաջին փորձն է։